Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Երևանում կբացվի Գրատպության թանգարան

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Երևանում կբացվի Գրատպության թանգարան

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի և Արցախի թանգարաններում հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն: Այդ օրերի շրջանակում Երևանում կբացվի նաև Գրատպության թանգարան: Այս մասին մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը:

«Թանգարանների միջազգային օրը կանցկացվի «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո: Խորագիրը տարիներ առաջ առաջարկել է Հայաստանը ԻԿՕՄ միջազգային գագաթնաժողովի ժամանակ և այն, քննարկվելուց հետո, ընդունվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փոխնախարար Արև Սամուելյանը:

Նրա խոսքով` սա եռօրյա տոն է, որին մասնակցում են Հայաստանի և Արցախի պետական, մասնավոր, կորպորատիվ և այլ թանգարաններ:

«Մեր առաջարկած թեման անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին, փախստականների խնդիրին, Սիրիայի պատերազմին և այլ ցավոտ իրադարձությունների: Հավանաբար, դա նպաստեց, որ թեման հաստատվի»,-ասաց Անի Ավագյանը: Նա հավելեց, որ մեր օրերում թանգարաններն ընկալվում են որպես կրթական տարածքներ, որոնք լուրջ սոցիալական պատասխանատվություն ունեն, և դա լավ է:

Անդրադառնալով Գրատպության թանգարանին` Տիգրան Զարգարյանը շեշտեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է և մայիսի 19-ին իր դռները կբացի հանրության առաջ: «Թանգարանն ունի վեց սրահ: Մեզ մոտ հնարավորություն կունենաք տեսնել հայկական առաջին տպագիր գիրքը, առաջին քարտեզը, առաջին Աստվածաշունչը, պարբերականը, տպագրական մեքենաներ, գիտաօժանդակ և այլ նյութեր, որոնք ձեռք են բերվել նաև աճուրդների ժամանակ»,– եզրափակեց նա:

Այս տարի մասնակից թանգարանների ընդհանուր թիվը 113-ն է: Այս օրերին թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հանրության առջև` հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 20-ին, կգործարկվի թանգարանների մասին տեղեկությունների համակարգ հանդիսացող «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը: Այն տարվա ընթացքում կներդրվի յոթ թանգարանում, հիմա դեռ` Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում