ԿԲ-ն միացել է Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին

ԿԲ-ն միացել է Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:

Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի՝ մայիսի 18-ին ժամը 09:00 – 18:00 և շաբաթ՝ մայիսի 20-ին ժամը 09:00 – 24:00: Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը (տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաև Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառու մետաղադրամը (1997թ. թողարկում): ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Գարեգին Նժդեհին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները:

Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «Նոյյան Տապան» (1,0 գրամ) և «Նուռ» (1,24 գրամ) մինչև ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) և ներդրումային «Նոյյան Տապան» (5 կգ):

Միայն այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացված պատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում