Ամերիկյան ընկերությունները Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ ցուցաբերել են ավելի շատ հետաքրքրություն, քան ակնկալվել էր. դեսպան

Ամերիկյան ընկերությունները Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ ցուցաբերել են ավելի շատ հետաքրքրություն, քան ակնկալվել էր. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաջնային ուղղություններից մեկը առևտրի, կոմերցիոն կապերի ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելն է, իսկ էներգետիկան այն ոլորտն է, որը կարող է հետաքրքիր լինել ամերիկյան գործարարների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էներգետիկայի ոլորտին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Կարծում եմ՝ այս ոլորտի հետ կապված Հայաստանը հպարտությամբ կարող է նշել այն ճանապարհի մասին, որն անցել է այս 25 տարում: Միայն վերջին 5 տարում այս ոլորտը 20 տոկոսի աճ է գրանցել: Այսօր Հայաստանն ունի էներգաարտադրման կարողություններ: Այս հնարավորությունները ներառում են թե ավանդական, թե նոր` վերականգնող կանաչ էներգիայի աղբյուրները»,-նշեց նա:

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ դեսպանությունը չի կարող երաշխիքներ տալ արդյունքների վերաբերյալ, քանի որ իրենց խնդիրն է մեկ հարկի տակ համախմբել երկու երկրների գործարար ոլորտների ներկայացուցիչներին եւ նպաստել երկխոսության ձեւավորմանը:

«Դա Հայաստանի կառավարության եւ գործարարների խնդիրն է, որ հնարավորինս լավ ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանը ամերիկյան ներդրողների համար, եւ կարեւոր է, որ Կառավարության կողմից երաշխիքներ լինեն հավասար խաղի պայմանների համար»,- եզրափակեց դեսպանը՝ ընդգծելով, որ ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվել է ավելի մեծ հետաքրքրություն, քան ակնկալվում էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում