Նոյեմբերյան համայնքն անցում է կատարում արևային էներգիային

Նոյեմբերյան համայնքն անցում է կատարում արևային էներգիային

Նոյեմբերյան համայնքն անցում է կատարում արևային էներգիային: Համայնքի ղեկավարությունը ձգտում է արևային էներգիայից օգտվելու մշակույթը տարածել բնակչության շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը:

«Համայնքի զարգացման կարևոր բաղադրիչ ենք համարում արևային կայանի տեղադրումը: Ծրագիրը կա, այն հաստատված է, արևային կայանի տեղադրման համար տարածքն ընտրված է, մասնագետների կողմից հավանության արժանացել է: Այժմ որոշ տեխնիկական հարցեր են շտկվում»,-ասաց Արմեն Ամիրաղյանը:

Արևային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականացնելու է ամբողջ համայնքի փողոցային լուսավորության, և համայնքային հիմնարկների էլեկտրասպառման համար: Նախնական հաշվարկներով արևային էլեկտրակայանի շնորհիվ համայնքը տարեկան խնայելու է 14-15 մլն դրամ:

«Մենք համարում ենք, որ այս ծրագիրը համայնքի զարգացման առաջնային բաղադրիչներից մեկն է: Փորձում ենք արևային էներգիայի օգտագործումը մշակույթ դարձնել մեր համայնքում: Էներգիայի խնայողությունը շատ կարևոր գործոն է, այն ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլև կարևոր է էկոլոգիական տեսանկյունից: Մարդիկ, երբ կոնկրետ օրինակը տեսնեն, արդյունավետությունը երևա, ապա շատ արագ արևային էներգիայի օգտագործումը լուրջ մշակույթ կդառնա»,-ասաց նա:

Նոյեմբերյան համայնքը խոշորացված է, բաղկացած է 9 բնակավայրից, ներառում է Նոյեմբերյան քաղաքը և 8 գյուղեր: Ընդհանուր բնակչությունը 17 հազարից մի փոքր ավելի է: Բնակիչները հիմնականում զբաղված են գյուղատնտեսության, սպասարկման ոլորտում: Արմեն Ամիրաղյանի խոսքով, համայնքում գործում են վերամշակող մի քանի ձեռնարկություններ, սակայն դրանց հզորություններն այդքան էլ մեծ չեն: Գործում է մսի վերամշակման ձեռնարկություն, որի ղեկավարությունը փորձում է հզորացնել կարողությունները: Կան գյուղեր, որտեղ բնակիչները արտագնա աշխատանքով են գոյատևում:

Գյուղատնտեսության ոլորտում էլ զբաղվածությունն ամբողջական չէ, որովհետև մշակելի հողատարածքների մի մասը վտանգավոր գոտում է` հակառակորդի կրակոցների տակ: Համայնքն ունի 5 հազար հեկտարից ավելի մշակելի հողատարածք, որի կեսը գտնվում է վտանգավոր գոտում: Եղել են տարիներ, որ ադրբեջանցիները իրենց կողմից շուտ են հնձել արտերը, որից հետո կրակի են տվել ամբողջ տարածքը և այն տարածվել է մեր ուղղությամբ:

Առաջին «արևային գյուղը» համարվում է Արմավիրի Լեռնամերձ համայնքը: Իրականացվել է ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով: Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում