Պետությունը պետք է խթանի արտահանման մեծ ներուժ ունեցող և տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները. Սերժ Սարգսյան

Պետությունը պետք է խթանի արտահանման մեծ ներուժ ունեցող և տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները. Սերժ Սարգսյան

Հայաստանը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ապրելու և ինքնադրսևորվելու ամենաբարենպաստ և ապահով երկիրը: Այդպիսին դառնալու գործընթացին յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր մասնակցությունը՝ ձևավորելով ուժեղ և արդար պետություն: Այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր նպատակին հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Ընդ որում` համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները»,-ասաց նա:

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը: Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովել միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնել ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները:

Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և ներկայիս տնտեսական իրավիճակը, ըստ նախագահի, պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ: Պետությունը պետք է խրախուսի և խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները և, ինչու չէ, նաև կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը:

«Մասնավորապես, մենք պետություն-մասնավոր համագործակցության բնագավառում զգալի հաջողությունների ենք հասել ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման, օդային հաղորդակցության ոլորտներում, սակայն տնտեսության շատ ոլորտներ դեռևս անմասն են մնացել համագործակցության նշված ձևի բարենպաստ արդյունքներից: Ուստի անհրաժեշտ է հստակ նպատակային աշխատանք տանել տնտեսության տարբեր ճյուղերում պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման համար՝ հաշվի առնելով միջազգային և հայաստանյան փորձը»,-ավելացրեց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու և մրցունակության զեկույցները: Դրանք Հայաստանի տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ և մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը:

«Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնես»-ի վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր։ Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում: Այո՛, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան և նախապայման: Պատկերացրեք, թե ինչքան դժվար կլինի օտարների համար մրցել միավորված հայերի հետ: Հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ և զարկ տանք այնպիսի ոլորտների և ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Այս առումով, Նախագահի կարծիքով, «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը ոչ թե պետք է ցույց տա սոսկ, թե որտեղ է արտադրված տվյալ արտադրանքը, այլ պետք է նշանակի բարձր որակ, հուսալիություն և անվտանգության բարձր պահանջներին համապատասխանություն: Այս և նմանատիպ արտահայտությունները պետք է լինեն այն միասնական հովանոցը, որը համախմբում է հայերի ուժը, եռանդը և ստեղծագործ միտքը՝ ապահովելու համար հայկական տնտեսության մրցունակությունը արտաքին շուկաներում:

Ըստ նախագահի` նշվածին հասնելու անհրաժեշտ նախապայմաններից է անվտանգության և որակի կառավարման, հավաստման և վերահսկողության համակարգերի ու ենթակառուցվածքների ձևավորումը: Դա պահանջում է մասնավոր և պետական հատվածների նպատակաուղղված, մեծածավալ աշխատանք: Այս դեպքում հայկական արտադրանքի՝ անգամ որոշ չափով թանկ լինելը մրցակիցների համեմատ ոչ թե կնշանակի դրանց մրցունակ չլինելը, այլ կփաստի հայկական արտադրանքի բարձրորակ և գերակա լինելը, կապահովի դրա մրցունակությունն անգամ համեմատաբար բարձր գնային պայմաններում: Սա իր հերթին թերևս միակ ճանապարհն է՝ շրջանցելու համար հայաստանյան շուկայի փոքր լինելու խոչընդոտը: Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական և այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

Նախագահը տեղեկացրեց, որ արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը:

Գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության խթանման տեսանկյունից, ըստ Սերժ Սարգսյանի, կարևոր նշանակություն ունի հարկային համակարգի և վարչարարության շարունակական բարելավումը:

«Ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռևս իր ձևավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել Հայաստանի Հանրապետության մաքսային սահման: Այն թեև կոշտ, բայց պրագմատիկ լուծում էր, որը հնարավորություն տվեց ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները: Համոզված եմ, որ ժամանակն է որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին շեշտը դնելով հումքի և սարքավորումների վրա: Այս քայլը էապես կխթանի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն կտա հայկական արտադրողներին դրամական միջոցներ տնտեսել և դրանք ուղղել արտադրության ընդլայնմանը և արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանը: Կասկածից վեր է, որ հայկական արտադրությունը, որը հիմնված է գերազանցապես տեղական ռեսուրսների վրա և օգտագործում է տվյալ ոլորտի միջազգային լավագույն տեխնոլոգիաները, ի զորու է միջազգային շուկաներ մատակարարելու բարձր որակական չափանիշներին համապատասխանող մրց ունակ արտադրանք»,-ասաց նա:

Ուստի, նախագահի կարծիքով, անհրաժեշտ է խրախուսել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մասնավորապես ստեղծել գործարարության աջակցության այնպիսի համակարգ, որը կօժանդակի մեր գործարարներին ընտրելու, տեղափոխելու և հայաստանյան պայմաններին հարմարացնելու իրենց պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաները:

«Բոլորիս հայտնի է, որ կան որոշակի առանձնահատկություններ հայկական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու հարցում, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի թանկացմանը: Այս ուղղությամբ պետք է անընդհատ և նպատակային աշխատանք տանել ավելի բարենպաստ տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու համար, սակայն միաժամանակ պետք չէ ամենալավատեսական սցենարների վրա հիմնված նախաձեռնություններ ծրագրել: Մենք պատրաստ պետք է լինենք անգամ ամենածանր պայմաններում մրցունակ լինել, իսկ նշված պայմանների փաստացի բարելավումն ավելի մրցունակ կդարձնի հայկակ ան արտադրանքը: Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարևանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք անելու մեզնից կախված ամեն ինչ դրանք բարելավելու նպատակով»,-հավելեց Նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում