Մենք չենք ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել ԼՂ հիմնահարցի լուծման ծանրությունը. Սերժ Սարգսյան

Մենք չենք ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել ԼՂ հիմնահարցի լուծման ծանրությունը. Սերժ Սարգսյան

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:

Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից հնչեցված մի շարք մտքերի, որոնք, ըստ նրա, կարող են սխալ մտ այնության պատճառ դառնալ:

«Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել ԼՂ հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչը ստացվեց և դա բնական է: Պնդել, որ անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, նշանակում է մեղանչել իրականության դեմ: Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերին փաստաթուղթը չէր հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը: Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում՝ այս անգամ համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով: Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ 20 տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե այն ժամանակ, թե հիմա դրան մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ: «Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդ տեսակետը չի կարող ընդունելի լինել: Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է:

«Այս մոտեցումն էր արտահայտված Կազանի փաստաթղթում: Թեպետ այն մերժվեց Ադրբեջանի կողմից, սակայն նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ: Այո, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների՝ տեղի տալու ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է:

Այո, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում, և ոչ մի օր ավել, չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը: Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը: Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում