Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Գուրիայի նահանգապետը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Գուրիայի նահանգապետը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը մայիսի 16-ին այցելել է Վրաստանի Գուրիայի երկրամաս, որի վարչական կենտրոն Օզուրգեթում հանդիպում է ունեցել Գուրիայի նահանգապետ Գիա Սալուկվաձեի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մա սնակցեցին նաև փոխնահանգապետ Գիա Էբրալիձեն, Օզուրգեթի քաղաքապետ Բեգլար Սիորիձեն, Օզուրգեթի մունիցիպալիտետի (վարչական շրջանի) ղեկավար Մերաբ Չանուկվաձեն և Գուրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության շրջանակում Գուրիա երկրամասի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Առանձնակի կարևորություն է տրվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ քաղաքային և համայնքային մակարդակներով ապակենտրոնացված համագործակցության ծավալման նպատակով ուղիղ կապով փոխշահավետ առնչությունների համար պայմանների ստեղծմանը:

Նահանգապետ Սալուկվաձեն և գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը շոշափել են արդյունաբերական, գյուղատնտեսական մթերքի արտադրության, վերամշակման և մատակարարման ձեռնարկությունների կամ միմյանց տարածքներում դրանց մասնաճյուղերի ստեղծման, ինչպես նաև մշակութային հնարավոր փոխանակումներին առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկություններ է հաղորդել Հայաստանում տնտեսական միջավայրի և ներդրումային պայմանների մասին: Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործմանն ուղղված քայլերի հետևողական իրականացման իրենց մտադրությունը:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպման ժամանակ քննարկվել են կրթամշակութային խնդիրներ, որոնք առնչվում են կիրակնօրյա դպրոցի գործունեության բարելավման, սփյուռքահայության համար Հայաստանում կազմակերպվող ձեռնարկներին համայնքի ներկայացուցիչների մասնակցության հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում