Եգիպտոսում հսկողության տակ են առնելու բնակչության աճը, որը եռակի բարձր է, քան Չինաստանում

Եգիպտոսում հսկողության տակ են առնելու բնակչության աճը, որը եռակի բարձր է, քան Չինաստանում

Եգիպտոսի կառավարությունը ձեռնամուխ է լինում ծնելիության նկատմամբ հսկողության ծրագրի ուսումնասիրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին մայիսի 17-ին երկրի առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներին տված հարցազրույցում:

«Կառավարությունը բնակչության աճի հսկման ծրագրերի, հետազոտությունների եւ օրենքների ուսումնասիրմանը ձեռնամուխ Է լինում այն բանից հետո, երբ տարեկան ծնվածների թիվը հասնում Է երկուսուկես միլիոնի»,-Եգիպտոսի ղեկավարի խոսքը մեջբերում է «Ալ-Ահբար» թերթի պորտալը:

Եգիպտոսի նախագահի խոսքով՝ «բնակչության աճի այս տեմպը եռակի բարձր է, քան Չինաստանում»:

Ավելի վաղ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլն ընտանեկան զույգերին կոչ է արել սահմանափակվել երկու երեխա ունենալով՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Եգիպտոսի Ազգային խորհրդի՝ բնակչության հարցերով փորձագետ Թարիք Թաուֆիքը հայտարարել է, որ մինչեւ 2030 թվականը երկրի բնակիչների թվաքանակը կարող է կազմել 140 միլիոն:

Ներկայում, Եգիպտոսի մոբիլիզացման կենտրոնական գործակալության տվյալներով՝ երկրի բնակչության թվաքանակը կազմում է 93 միլիոն: Արաբական հանրապետության բնակչությունը 1984 թվականից ավելացել է կրկնակի, իսկ 1966 թվականից՝ եռակի:

Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարար Հադա Վալիի խոսքով, որը մեջբերել է «ալ-Մասրի ալ Յաում» հրատարակությունը, «եգիպտացիների մինչեւ 26 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում