ՀՀԿ-ում փոփոխությունները երբեք ինքնանպատակ չեն եղել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ում փոփոխությունները երբեք ինքնանպատակ չեն եղել. Արմեն Աշոտյան

Նորընտիր խորհրդարանի պատգամավորական կազմը խոստումնալից է, այդ թվում՝ ընդդիմությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Իհարկե, այսօրվա նրանց քայլը մանկական հիվանդություն եմ համարում, Հայաստանի քաղաքական դաշտի մանկական հիվանդությունը, բայց վստահ եմ, որ ապագայում մեր գործընկերները նման տեսակի քաղաքական որեւէ արժեք չստեղծող քայլերի չեն դիմի կամ էլ քիչ կդիմեն: Իսկ Հանրապետականը քաղաքական մեծ թիմ է, եւ ի տարբերություն շատ քաղաքական ուժերի՝ մեզ մոտ փոփոխությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Տարբեր սերունդների, աշխարհայացքների մարդիկ միշտ իրար լրացնում են: Երիտասարդությունն ունի եռանդ, բայց չունի փորձ, իսկ ավագ սերունդն ունի փորձ, բայց ե ռանդի խնդիր կա, ուստի լավագույն թիմն այն թիմն է, որը համադրում է փորձը, հմտություններըն ու եռանդը»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Նրա դեռ վաղ համարեց ներկայիս Ազգային ժողովի մասին գնահատական տալը, բայց շեշտեց, որ այսօրվա ԱԺ-ին տրված է պատմական շանս:

«Ազգային ժողովի դերը, որակը Սահմանադրությունն է տվել. սա նշանակում է, որ այս գումարման ԱԺ-ն ավելի մեծ առաքելություն ունի: Իհարկե, չեմ ուզում նսեմացնել նախորդ Ազգային ժողովների աշխատանքները, հատկապես, որ պատիվ եմ ունեցել նախկինում լինելու պատգամավոր»,-ասաց նա:

Խորհրդարանում մեկնարկեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում