Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին. ստամբուլահայերը բոյկոտում են Աթեշյանին

Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին. ստամբուլահայերը բոյկոտում են Աթեշյանին

Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում հավատավորներն իրենց բողոքն են հայտնել Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարվել չցանկացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Եկեղեցում Աթեշյանը քարոզի ժամանակ սկսել է խոսել «Մայրերի օրվա» կարևորության մասին՝ շնորհավորելով բոլոր մայրերին տոնի առթիվ: Սակայն երբ նա սկսել է քարոզը, ներսում գտնվող հավատացյալների մի խումբ ցուցադրաբար դուրս է եկել եկեղեցուց: Պատարագի ավարտին եկեղեցու դռան մոտ կանգնած 15 հոգանոց խումբը բարձրացրել է պաստառներ «Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին» գրությամբ:

Ուշագրավ է, որ սա Աթեշյանին բոյկոտելու ստամբուլահայերի առաջին փորձը չէ: Նախորդ շաբաթների ընթացքում Աթեշյանի մասնակցությամբ իրականացվող մի ծիսակատարության ժամանակ մի մարդ բարձրացրել է Աստվածաշունչը՝ բողոքի լուռ ակցիա իրականացնելով: Բացի այդ, «Մարալ» երաժշտական ու պարային համույթի միջոցառման ժամանակ Աթեշյանի դեմ ելույթ են ունեցել երկու հիմնադրամի նախագահ, իսկ նույն միջոցառմանը պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ուղերձի ընթերցումից հետո հավաքվածները երկար ժամանակ ծափահարել են նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում