Եվրախորհրդարանը հավանություն տվեց Սիրիայի վերաբերյալ բանաձեւին

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Սիրիայի վերաբերյալ բանաձեւին

Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Սիրիայի իրադրությանը նվիրված բանաձեւին: Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում: Դահլիճում ներկա է եղել 624 պատգամավոր, փաստաթղթի օգտին քվեարկել է 508 մարդ, դեմ՝ 98-ը, ձեռնպահ է մնացել՝ 18 պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

ԵԽ-ի բանաձեւում նշված է, որ «Սիրիայում պատերազմը դարձել է վատթարագույն հումանիտար ճգնաժամերից մեկը, որին աշխարհը բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»: Եվրախորհրդարանում անհանգստացած են այն բանից, որ «հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, չի պահպանվում, ինչը հաստատվում է մի շարք խոշոր միջադեպերով, ինչպիսին է, օրինակ, քիմիական գրոհը Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում (Իդլիբի նահանգ)»:

«Սիրիայում խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով»,- նշել են Եվրախորհրդարանում: Այն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին աջակցություն ցուցաբերելու կոչ է արել, «որպեսզի Սիրիայի վերաբերյալ նոր ռազմավարությունը նպաստի երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը»:

Եվրախորհրդարանը նաեւ «ողջունում է միջազգային անկախ մեխանիզմի ստեղծումն այն լուրջ հանցագործությունների հետաքննությանն օգնելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը, որոնք 2011 թվականից ի վեր կատարվել են Սիրիայում»: Եվրախորհրդարանը նաեւ պաշտպանում է Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման հուշագրի ընդունումը, որն ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում