Դատապարտյալին իր երկիր արտահանձնելը արժանապատվության հետ կապ չունի. Գեւորգ Կոստանյան

Դատապարտյալին իր երկիր արտահանձնելը արժանապատվության հետ կապ չունի. Գեւորգ Կոստանյան

Դատապարտյալին հայրենիք արտահանձնելը արժանապատվության խնդիր չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովին Ռուսաստանին արտահանձնելու որոշմանը:

«Դատապարտյալների փոխանցումն այս կամ այն երկիր կոնվենցիոն դրույթ է եւ կիրառելի է աշխարհի բոլոր երկրներում: Դա դեռեւս 1946 թվականից գործող նորմ է եւ բնորոշ է բոլոր երկրներին, եւ դա չի կարելի վերագրել միայն Հայաստանի նկատմամբ կիրառելիությանը, առավել եւս արժանապատվության տեսանկյունից: Երբ հանցագործություն իրականացրած անձը տեղափոխվում է իր երկիր, դա փոխանցող երկրի արժանապատվության հետ կապ չունի՝ առավել եւս հիմք ընդունելով այն, որ բազմաթիվ հայ դատապարտյալներ այստեղ են տեղափոխվել իրենց պատիժը կրելու: Դա չի նշանակում, որ երկրի արժանապատվությունն է նսեմացվել, հետեւաբար պետք չէ այդչափ ցավոտ ընդունել այս ամենը, քանի որ խոսքը պարզապես իրավական գործընթացի մասին է»,-նշեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Վալերի Պերմյակովը Ռուսաստանում ամբողջապես կրելու է իր պատիժը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում