Օպտիմալացումը ենթադրում է քաղաքային դպրոցների վերախմբավորում. Լևոն Մկրտչյան

Օպտիմալացումը ենթադրում է քաղաքային դպրոցների վերախմբավորում. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով դպրոցների օպտիմալացմանը, նշեց, որ ունեն հանձնարարական ՀՀ վարչապետի կողմից՝ դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ձևավորման ու քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ երկրում կան խիստ թերբեռնված և գերբեռնված դպրոցներ։ «Առայժմ գտնում ենք, որ կարելի է անդրադա ռնալ քաղաքային բնակավայրերին, օրինակ, ակնառու դեպքեր կան, օրինակ, ունենք երկու ավագ դպրոց՝ հեռավորությունը միմյանց միջև մի քանի հարյուր մետր է ու երկուսն էլ թերբեռնված են», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ զարգացման ծրագիրը չի կարող լինել ինքնանպատակ:

Ըստ նախարարի պաշտոնակատարի, խնդիրը դպրոցական կրթության որակի պահպանումն է: Նրա խոսքով՝ կա մոտ չորս հարյուր դպրոց, որոնք ունեն հարյուր աշակերտից քիչ թվաքանակ։ «Այդ պարագայում դպրոցական կրթության որակը բավականին անկում է ապրում, երեխան 21-րդ դարում պետք է ստանա կրթության նոր որակ», – ընդգծեց Մկրտչյանը: Կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով, իրեն չի բավարարում ավագ դպրոցների կրթության ծանրաբեռնվածությունը, քանի որ որևէ այլ երկրում հնարավոր չի լինի գտնել ավագ դպրոց կամ «high school» համակարգ, որտեղ երեխան ծանրաբեռնված է 16-20 առարկայով։ Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ չգիտի՝ կլինի՞ կառավարության նոր կազմում, թե՞ ոչ։ «Մի քանի օր սպասեք», – խորհուրդ տվեց Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում