Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը գոհ են իր աշխատանքից

Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը գոհ են իր աշխատանքից

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը կարծում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը գոհ են իր աշխատանքից: Այդ մասին Մարտիրոսյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին՝ վերանշանակվելո՞ւ է նոր պաշտոնում, նա ասաց. «Ինչպես որոշեն: Ծրագրեր շատ կան, դրանք շարունակական են: Կուսակցությունը կնշանակի այնպիսի մարդու, որը կկարողանա դրանք իրագործել: Նախագահի, վարչապետի հետ հանդիպումներում ժամանակ առ ժամանակ զեկուցում եմ կատարած աշխատանքի մասին, լինում են աշխատանքային քննարկումներ: Ընդհանուր առմամբ, կարծում եմ գոհ են կատարված աշխատանքից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն ինքը չգիտի՞ նշանակվելու է զբաղեցրած պաշտոնում, թե՝ ոչ, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Այսօր ո՞վ գիտի, կարո՞ղ եք ասել: Այդ հարցում մեծ նշանակություն ունի և նախագահի, և վարչապետի, և ԶԼՄ-ների գնահատականը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում