ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել Ադրբեջանի գործողությունների հետևանքով իրադրության լարման վերաբերյալ

ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել Ադրբեջանի գործողությունների հետևանքով իրադրության լարման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ:

Կան հակասական հաղորդումներ այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև դրանց հետևանքով կրած վնասների ու զոհերի մասին: Միսնկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար:

Համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում