Սամվել Ֆարմանյանը ողջունում է Ադրբեջանի գործողությունները դատապարտող ՄԽ համանախագահների հայտարարությունը

Սամվել Ֆարմանյանը ողջունում է Ադրբեջանի գործողությունները դատապարտող ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի գործողությունները հասցեական դատապարտող հայտարարությունը ստիպված քայլ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ազգային ժողովի նիստի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Թերևս, հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հասցեական հայտարարությամբ և հստակ մատնանշեցին, որ շփման գծում լարվածություն առաջացնելու և հրադադարի ռեժիմի խախտումների հեղինակն Ադրբեջանն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք համանախագահների այս հայտարարությունը»,- ընդգծեց Ֆարմանյանը:

Ֆարմանյանը Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց տվյալներ հավաքել շփման գծում լարվածության հետևանքով ադրբեջանական զինուժի կորուստների մասին, քանի որ այդ երկրի ղեկավարությունը թաքցնում է իր մարդկային կորուստները՝ մոլորության մեջ դնելով սեփական հասարակությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում