ԵԱՏՄ տարածքում ոսկերչական ոլորտի առաջնահերթ խոչընդոտներից է հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիությունը

ԵԱՏՄ տարածքում ոսկերչական ոլորտի առաջնահերթ խոչընդոտներից է հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիությունը

Շատ կարևորվում է ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` ԵԱՏՄ-ում գործում է ոսկերիչների ասոցիացիա, որը մայիսի 18-ին իր արտագնա նիստն անցկացրեց Երևանում և դրա հիմնական նպատակն էր ԵԱՏՄ տարածքում, հատկապես ՌԴ-ի և Հայաստանի միջև, ոսկերչության և ադամանդագործության ոլորտում գոյություն ունեցող որոշակի խնդիրների և խնդրահարույց հարցերի փոխադարձ ըմբռնումը: Նիստի ժամանակ առանձնացված հնարավոր լուծումները, ըստ Մկրտչյանի, առաջարկվելու են համապատասխան հարթակներին, որտեղ էլ այդ հարցերը կքննարկվեն: Նիստի առաջնահերթ հարցերից է եղել ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշմման և հարգորոշման փոխա դարձ ճանաչելիությունը:

«Գործարարները դրա վրա կարող են կորցնել որոշակի ժամանակ, իսկ այն փող է: Հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության արդյունքում կկրճատվեն բյուրոկրատական որոշ գործարքները, որոշ դեպքերում նաև ծառայությունների գները: Ուստի խնդիրը դրված էր գտնել այն ընդհանուր մոտեցումները, լուծումները, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Որոշումներ չեն կայացվել, պարզապես քննարկումների արդյունքում փորձ է կատարվել գտնել ընդունելի տարբերակները, որոնք կարող են ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր կառավարություններին բավարարել»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդականը:

Նրա խոսքով` քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում են արտահանման, ներմուծման, ազատ տնտեսական գոտիների հետագա զարգացումներին, հարևան այլ երկրների հետ առևտրի որոշակի հնարավորություններին:

ՌԴ ֆինանսական մոնիթորինգի և թանկարժեք մետաղների արտահանման ու ներմուծման վարչության պետ Նիկիտա Պեչնիկովը նկատեց, որ հրավիրված նիստն ընդամենը մի քայլ էր, քանի որ Հայաստանից և ՌԴ-ից բացի ԵԱՏՄ-ի կազմում են նաև ևս 3 երկրներ, և կարևոր է հարգորոշումների ու հարգադրոշմման ճանաչումը դիտարկել բոլոր 5 երկրներում:

«Մեզ հարկավոր է վեր հանել այս բոլոր երկրների դիրքորոշումները: Երեկ արվեց առաջին կարևոր քայլը, երբ ոչ միայն գործարարները, այլ նաև պետական մարմինների ներկայացուցիչները կարողացան մտքեր փոխանակել: Կարծում եմ, որ հետագայում այս հարցի քննարկումը կշարունակվի և այն կկայանա մնացած 3 պետությունների ներկայացուցիչների հետ, որոնց կարծիքից նույնպես կախված է հարգադրոշմման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության հարցը»,-ասաց Պեչնիկովը` հավելելով, որ շատ մեծ աշխատանք է սպասվում այս ուղղությամբ:

ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը տեղեկացրեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իրենց հանձնարարել էր փուլային տարբերակով լուծել Հայաստանից ՌԴ ոսկերչական իրերի արտահանման հետագա զարգացման հետ կապված բոլոր հարցերը: Այդ նպատակով էլ, ըստ Ասոյանի, հրավիրվել էր ոսկերչական ասոցիացիայի արտագնա նիստ:

«Բոլոր մասնակիցները շատ բավարարված էին քննարկմամբ: Ռուսաստանյան կողմը մեզ շնորհակալություն հայտնեց, քանի որ նրանք երեկ շատ մանրամասն իմացան Հայաստանի արտահանման և ներմուծման նորմատիվների և կանոնագրերի վերաբերյալ, ծանոթացան մի շարք գործարարների հետ»,– ասաց նա` կարծիք հայտնելով, որ նիստն առկա խնդիրների լուծման քայլերից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում