Թուրքիան Գերմանիայի հետ խոսել է նախապայմանների լեզվով

Թուրքիան Գերմանիայի հետ խոսել է նախապայմանների լեզվով

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ պաշտոնական Անկարան նախապայման է դրել իրենց առջև պատգամավորներին Ինջիրլիքի ռազմաբազա մուտք գործելու թույլտվություն տալու համար: Ըստ նախարարի՝ թուրքական կողմը ասել է, որ թույլ կտա պատգամավորներին այցելել Ինջիրլիք, եթե պաշտոնական Բեռլինը հետ ուղարկի իրենցից ապաստան խնդրած Թուրքիայի 450 քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

ԱՄՆ կատարած այցի ժամանակ խնդրին անդրադարձած Գաբրիելը հայտնել է, որ մինչև հիմա իրենք ստացել են ապաստան ստանալու 450 դիմում, որոնցից 80-ը բավարարվել է: «Այժմ թուրքական կառավարությունն այդ մարդկանց բանտարկելու համար ցանկանում է, որ մենք նրանց տանք Թուրքիային: Սա մի իրավիճակ է, երբ ՆԱՏՕ-ի գործընկերը շանտաժի է ենթարկում մյուս գործընկերոջը: Դա բացառվում է»,– ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Անդրադառնալով թուրքական կողմի նախապայմանին՝ Գաբրիելը հայտնել է, որ դա դեմ է իրենց օրենքներին ու սահմանադրությանը:

Արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին, որում թուրք գործիչն ասել էր. «Եթե Գերմանիան ցանկանում է Ինջիրլիքից հետ քաշվել, իրենք գիտեն, չենք աղաչելու նրանց»: «Ես զանգահարեցի գործընկերոջս՝ Մևլութ Չավուշօղլուին, ասացի՝ լուծենք խնդիրը և ինչ ափսոս, որ պատասխանը իր հայտարարության նման եղավ»,- ասել է նա:

Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվում է մոտ 260 գերմանացի զինվոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում