Միջազգային կոալիցիայի հարվածից սիրիացի զինվորականներ են զոհվել

Միջազգային կոալիցիայի հարվածից սիրիացի զինվորականներ են զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի է հանգեցրել զինծառայողների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: 

Սիրիայի պաշտպանական գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ այդ գրոհի արդարացումներն անընդունելի են: Կառավարական զորքերի դիրքերին հարվածելը ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական նպատակները ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է, որովհետեւ «ցամաքում գործող հրամանատարը համարել է, որ այդ ուժերը սպառնալիք են ներկայացնում կոալիցիայի ուժերի համար»:

Մինչդեռ, ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում, սիրիական բանակին հարվածից մեկ օր առաջ կոալիցիան նաեւ հարված է հասցրել խաղաղ բնակիչներին, ինչը, գերատեչության համոզմամբ, չի նպաստում Սիրիայում բարենպաստ քաղաքական իրադրության ստեղծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում