Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին. Էդվարդ Նալբանդյան

Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին. Էդվարդ Նալբանդյան

Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, գրում է Թերթ.am-ը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։

Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ. «Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջներին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը»,- ասել է նա։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», – շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում