Հայկական կողմն ալմաստի մատակարարումների ծավալը մեծացնելու համար բանակցություններ է վարում «Ալռոսա»-ի հետ

Հայկական կողմն ալմաստի մատակարարումների ծավալը մեծացնելու համար բանակցություններ է վարում «Ալռոսա»-ի հետ

Բանակցություններ են սկսվում ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության հետ` մատակարարվող ադամանդի հումքի քանակն ավելացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` այն լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում ոլորտի հետագա զարգացման համար:

«Գնումներ կատարելու իրավունք ենք ստացել նաև ռուսական «Գոռան» ընկերության հետ, սակայն որոշակի պայմանագրային խնդիրներ դեռ խոչընդոտում են այդ գործընթացի արդյունավետ և ավելի օգտակար գործողությանը, ուստի որոշակի բանակցությունների մեջ ենք` այդ տիպային պայմանագրերը տեսքի բերելու և գործարարների համար ավելի արդյունավետ և շահութաբեր դարձնելու ուղղությամբ: Այս առումով ունենք աշխատանք և այն շուտով կավարտենք: Այս ամենը զգալիորեն կխթանի ոլորտի ապրանքաշրջանառության բարձրացումը, ինչպես նաև հետագա զարգացման համար բարենպաստ նախադ րյալներ կստեղծի»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ցանկությունն այն է, որ «Ալռոսա»-ն Հայաստանին մատակարարի այնքան հումք, որքան նրա հետ մշտապես աշխատող 50 կազմակերպություններին: Մկրտչյանի խոսքով` հայկական ընկերությունները մի փոքր ուշ են մասնակցում մատակարարմանը վերաբերող սեսիաներին, ինչի պատճառով չեն կարողանում ավելի արդյունավետ հումքի մատակարարումներ ստանալ: Այդ նպատակով խնդիր է դրված համագործակցության եզրեր գտնել նման կազմակերպությունների հետ մատակարարումների ծավալը մեծացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում