Հայերն ու հույները ցեղասպանության դեմ պայքարում միասնական են. Էդուարդ Շարմազանով

Հայերն ու հույները ցեղասպանության դեմ պայքարում միասնական են. Էդուարդ Շարմազանով

Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին Ազգային ժողովի պատգամավորները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատգամավորների շարքում էին Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ այլք:

Նրանց հետ միասին հուշահամալիր էին այցելել Հայաստանի տարբեր մարզերի հունական համայնքների ներկայացուցիչները: «Մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով համայնքի ներկայացուցիչները պաշտոնյաների հետ շարժվեցին դեպի հուշահամալիրի անմար կրակը, ապա ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Հոգեւորականները ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ մատուցեցին:

ԱԺ նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանության դեմ պայքարում հույներն ու հայերը միասնական են:

«Այսօր մայիսի 19-ն է. ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում եւ հիշում է Օսմանյան Թուրքիայում, ապա քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերին, թե ինչպես հարյուր հազարավոր հույներ զոհ գնացին երիտթուրքերի, այնուհետեւ քեմալական թուրքերի ցեղասպանական քաղաքականությանը: Այսօրվա խորհուրդը ոչ միայն հիշատակն է ու դատապարտումը, այլեւ վերածնունդը: Կիպրոսը եւ Հունաստանն այն եզակի երկրներից են, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը, իսկ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովները միաձայն դատ ապարտել են հույների ցեղասպանությունը: Այս պայքարում մենք հաղթանակելու ենք, որովհետեւ մեր պայքարը հանուն է՝ հանուն մեր քրիստոնեական հավատի, սրբազան հայրենիքի ու հայ-հունական բարեկամության: Հավատում եմ, որ Թուրքիայի ժխտողականությունը ֆիասկո է ապրելու, որովհետեւ առավել եւս վաշինգտոնյան դեպքերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան չի փոխվել, նույն խուժանի քաղաքականությունն է վարում: Էրդողանի եւ Աթաթուրքի միջեւ գրեթե ոչինչ չի փոխվել. նույն հանցագործ ժխտողական քաղաքականության կրողն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանում հունական ՀԿ-ների միության նախագահ Արկադի Խիթարովն ասաց, որ Հայաստանում հունական ծագում ունեցող մարդիկ քիչ են՝ շուրջ 2000-2500: «Այս օրը տարբեր տեղերում ենք հավաքվում ու հիշում: Այսօր մեզ հետ Գյումրու, Վանաձորի եւ այլ տարածքների հունական համայնքների ներկայացուցիչներն են: Կարծում եմ՝ Հայաստանին պետք չէ բացատրել՝ ինչ է ցեղասպանությունը: Այն, որ մենք այստեղ ենք այս օրը հիշում, նույնպես խորհրդանշական է»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում