Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

2017 թվականի մայիսի 22-ից 25-ը կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության լրատվական ծառայությունից, այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր:

«Ես և իմ գործընկերները անհամբերությամբ ենք սպասում Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կայանալիք այցին, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Տարածաշրջանը Եվրոպական միության համար կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքականության կարևոր գործընկեր: Ունենք բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ` մասնավորապես տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, ինչպես նաև առևտրի խթանման առումով. Միաժամանակ հետամուտ ենք գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացմանը՝ բարձր պահելով մեր արժեքները ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները», այցին ընդառաջ նշեց Նախագահ Մքալիսթերը:

Դեյվիդ Մքալիսթերին պատվիրակության կազմում կուղեկցեն Եվրոպական խորհրդարանի հետևյալ յոթ անդամները՝ Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Զելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Անդրեյս Մամիկինսը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Լատվիա), Անգել Դժանբազկին (Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ, Բուլղարիա), Իվո Վայգլը, (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միություն կուսակցություն, Սլովենիա) Հելմուտ Շոլցը (Միավորված եվրոպական ձախ ուժերի խումբ, Գերմանիա) և Հերդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա):

Ադրբեջանում՝ մայիսի 22-ին պատվիրակները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի, խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վրաստանում՝ մայիսի 23-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իսկ մայիսի 24-ին կայցելեն Մցխեթայում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ Վրաստան) գրասենյակ: ԵԽ պատվիրակության ա յցը տարածաշրջան կամփոփվի մայիսի 25-ին Հայաստանում, որտեղ նրանք կհանդիպեն Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահի հետ, ինչպես նաև կայցելեն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում