«Հրապարակ». Պատգամավորները շարունակում են պայքարը VIP սենյակների համար

Ազգային ժողովի պատգամավորները շարունակում են պայքարը VIP սենյակների համար։ Ոչ միայն նորերը, այլև հներն են փորձում ավելի հարմար սենյակներ ձեռք գցել։ Հիմնական պայքարը ընդունարանով սենյակների համար է, որոնք քիչ են։ Հիմնականում մեկ սենյակից կազմված առանձնասենյակներ են, որտեղ պատգամավորն ու օգնականը պետք է միասին նստեն։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Երկու օր է՝ ընդունարանով, հարմարավետ սենյակի փնտրտուքների մեջ է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ ԱԺ-ում, թերթի տեղեկություններով, մեկ այդպիսի սենյակ է մնացել՝ Գարեգին Նուշիկյանի նախկին աշխատասենյակը, որն ունի ընդունարան։ Մեծ ընդունարանին կից երեք սենյակ կա, երկուսում նստում են ԱԺ աշխատակազմից պաշտոնյաները, մեկում՝ Նուշիկյանն էր նստում։ Իսկ օգնականները՝ միասին, ընդունարանում էին տեղավորվել։ Երեկվա դրությամբ այդ սենյակը խոստացել էին տալ Տարոն Մարգարյանի աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին, ով նախորդ ԱԺ-ում նոր մասնաշենքի փոքր, մեկ սենյականոց կաբինետում էր նստում, այժմ որոշել է բարելավել իր «բնակարանային պայմանները»։ Բայց բախտը չբերեց։ Երեկ Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բավականին փոփոխություններ եղան։ Օրվա վերջում տեղեկացանք, որ Նուշիկյանի աշխատասենյակը որոշել են տրամադրել նախկին ոստիկանապետին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում