«Ժողովուրդ». ՊԵԿ-ում իրականացվող կրճատումների արդյունքում 483 մարդ գործազուրկ կդառնա

Պետական եկամուտների կոմիտեն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել։ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առաջիկայում ՊԵԿ շուրջ 483 աշխատակիցներ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում։ ՀՀ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է իր ղեկավարած հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, ըստ որի՝ փոփոխություններ են նախատեսվում կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում։

Մասնավորապես նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները՝ վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ և դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում