Արցախում զոհ ունենք

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում