Ինչո՞ւ են արնահոսում լնդերը. հարցազրույց բժիշկ-ստոմատոլոգ, պերիօդոնտոլոգ Վահե Համբարձումյանի հետ

Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամնաշար, այլև առողջ լնդեր, ամուր էմալ: Կարևոր է նաև բերանի խոռոչի խնամքը: Լնդային հիվանդությունների մասին Times.am-ը զրուցել է բժիշկ-ստոմատոլոգ, պերիօդոնտոլոգ Վահե Համբարձումյանի հետ:

-Պարոն Համբարձումյան, Գոյություն ունի՞ տարածված լնդային հիվանդությունների շարք։

-Ժամանակակից պերեդոնտոլոգիայում մոտ 20 տեսակի տարբեր հիվանդություններ կան: Եթե դրանք կոչենք լնդային հիվանդություններ, ապա շատ թերի կստացվի, որովհետև կա հենց լնդային հիվանդություն՝ լնդի բորբոքում, որը կոչում են գինգիվիտ։ Սա հիվանդության սկզբնական փուլն է: Լնդային բորբոքման ավելի խոր մակարդակն արդեն կոչվում է պերեոդոնտիտ, որն էլ առաջացնում է հիվանդության բուն խնդիրները։ Ցանկացած հիվանդություն` այդ թվում լնդերի բորբոքումը, շատ ավելի դյուրին է բուժել սկզբնական փուլում, քան այն ժամանակ, երբ հիվանդությունը բավական զարգացած է: Լնդային հիվանդությունները դասվում են բերանի խոռոչի ամենատարածված հիվանդությունների շարքին։

-Եթե փորձենք բնորոշել, ապա որո՞նք են լնդային հիվանդության սկիզբն ազդարարող ախտանշանները։

-Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին: Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են: Հիվանդության զարգացման դեպքում լինդն ու ոսկրային հյուսվածքները դադարում են ամուր գրկել ատամը, մերկանում է ատամի արմատը, առաջանում է ատամի հենապահողական ապարատի քայքայում, որը բերում է ատամի շարժունակության և մինչև անգամ ատամի կորստի:

-Որո՞նք են լնդային հիվանդությունների առաջացման պատճառները։

-Պատճառներից առաջինը վատ հիգիենան է։ Կան մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել պերեոդոնտալ հիվանդություն ունենալու վտանգը։ Լնդերի հիվանդությունների հիմնական պատճառը ատամնափառն է՝ բակտերիալ շերտը, որը պարբերաբար գոյանում է ատամների վրա։ Եթե չմաքրենք ատամնափառը, մանրէները կարող են լնդերի այտուցվածություն առաջացնել։ Վատ պլոմբանյութը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի առաջանան լնդային հիվանդություններ։ Այլ հիմնական հիվանդությունները ևս կարող են պերեոդոնտալ հիվանդության առաջացման պատճառ հանդիսանալ, օրինակ՝ շաքարային դիաբետ, արյան տարատեսակ հիվանդություններ և այլն։ Լնդաբորբ առաջանում է նաև հասունացման շրջանում և հղիության ընթացքում, սակայն դրանք դարձելի պրոցեսներ են և տվյալ շրջանի հետ զուգընթաց վերանում է նաև հիվանդությունը։

-Ինչո՞վ է պայմանավորված բերանի տհաճ հոտը լնդային հիվանդությունների դեպքում։

-Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաներն ակտիվ բազմանում են, քայքայելով սննդի մնացորդները, որն էլ բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից, մանրեները կուտակվում են նաև լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաև լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտն ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրեներից: Այդ է պատճառը, որ երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:

-Ծխելը կարո՞ղ է հանդիսանալ լնդային հիվանդությունների խթանիչ։

-Կարելի է ասել, որ չկա այնպիսի հիվանդություն, որի դեպքում ասենք, որ ծխելն օգտակար է, սակայն այն հատկապես վնասակար է բերանի խոռոչի հիվանդությունների պարագայում։ Ծուխը հենց բերանի խոռոչով է անցնում և նրա մեջ գտնվող թունավոր նյութերը բացասաբար են ազդում խոռոչի վրա և առաջացնում են տարբեր լորձաթաղանթային հիվանդություններ, ատամների գունափոխում և այլն։ Ծխող մարդկանց մոտ լնդային հիվանդությունների նախանշանները անցավ են լինում: Նրա վրա սկսում են ուշադրություն դարձնել այն դեպքերում, երբ լնդերը սկսում են արնահոսել: Ավելին՝ մարդկանց թվում է, թե ծխելը թողնելու արդյունքում լնդերը սկսեցին արնահոսել, սակայն պատճառը հետևյալն է. նիկոտինը իջեցնում է լնդային արյունահոսությունը` դրանով քողարկելով գինգիվիտի վաղ նախանշաններն այնքան ժամանակ, մինչև առաջանում է պերեոդոնտիտ, և լնդերի լիովին առողջացումը դառնում է բավականին բարդ:

-Ինչպես հայտնի է, բժշկության գլխավոր սկզբունքը կանխարգելումն է: Ի՞նչ անել` կանխարգելելու համար լնդային հիվանդությունները։

-Կանխարգելումը նույնիսկ շահեկան է ֆինանսական առումով։ Սկզբնականը պրոֆիլակտիկ մաքրման տեսքով է։ Շատ հաճախ այցելուներին թվում է, որ ատամնաքարերի հեռացումը իր մեջ վնասակար հետևանքներ ունի։ Պատճառները շատ կարող են լինել, սակայն մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները հարթվում են անհամեմատ ավելի դյուրին։ Սակայն, ամենակարևոր կանխարգելումը, դա տարրական հիգիենայի պահպանումն է: Ատամները պետք է մաքրել օրը 2 անգամ՝ առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում