Շարմազանովի գնահատականները՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ական թեկնածուներին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադառնալով հանձնաժողովների նախագահների թեկնածուներին՝ նախևառաջ իր գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին՝ Նաիրա Զոհաբյանին, Վարդան Բոստանջյանին և Վարդևան Գրիգորյանին, գրում է panorama.am-ը։

Խոսելով Վարդան Բոստանջյանի մասին՝ Շարմազանովն ասաց, որ խորհրդարանում նրա հետ աշխատած հինգ տարիները եղել են արդյունավետ:

«Կարծում եմ, որ Ձեր հետ աշխատած յուրաքանչյուր պատգամավոր կարող է ասել, որ Դուք բարձր պրոֆեսիոնալ եք, շատ ավելի բարձր մարդ եք և Ձեր հետ շփումը ուսանելի է եղել ոչ միայն ինձ համար, այլ շատերի համար»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
Նա նաև կարևորեց այն, որ Վարդան Բոստանջյանն ունի լսելու ունակություն. «Կարծում եմ, որ ձեր թեկնածությունը գրեթե բոլորի համար ընդունելի է, իսկ ում համար ընդունելի չէ, ապա կարծում եմ՝ զուտ քաղաքական պատճառներով է: Այն հինգ տարին, որ Դուք չկայիք այս խորհրդարանում, Ձեր տեղը շատ էր երևում»:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, նա գաղտնիք չհամարեց, որ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս բազմաթիվ գաղափարական բախումներ է ունեցել նրա հետ:

«Սակայն չեմ կարող ստել, որ լինելով ԵԽԽՎ պատվիրակության անդամ, արտաքին քաղաքական հարթակներում ամենայն պատախանատվությամբ պաշտպանել եք Հայաստանի Հանրապետության շահը՝ լինի Արցախի հարցում, լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Դուք Հայաստանի սահմաններից դուրս Ձեզ պահել եք պետական մտածողություն ունեցող անձ և առաջնորդվել եք ոչ թե կուսակցական, կուսակցամոլական վարքագծով, այլ պետական շահով»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Վարդևան Գրիգորյանին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ թեև խորհրդարանում նրա հետ չի աշխատել, բայց պրոֆեսորը եղել է իր գիտական աշխատանքը գնահատողներից մեկը։

«Ձեր խորհուրդները, Ձեր հեղինակությունը, մարդկային որակները կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտինք չէ: Ձեր նման պրոֆեսիոնալ մարդիկ գեղեցկացնում են մեր խորհրդարանը»,- նշեց Շարմազանովը:
Այնուհետև ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ ՀՀԿ-ի թեկնածուներին և կոչ արեց կողմ քվեարկել առաջադրված վեց թեկնածուներին։

Խոսելով Գագիկ Մինասյանի մասին՝ ասաց, որ իր համար նա պարկեշտության էտալոններից մեկն է։

«Պարոն Մինասյանը չի ասում ինչպես պետք է անել, բայց, նրա հետ շփվելով, հասկանում ես որն է ճիշտը: 20 տարուց ավելի աշխատելով խորհրդարանում՝ ես չեմ ճանաչում մի մարդու, որ պարոն Մինասյանի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային որակների մասին ունենա այլ կարծիք: Պարոն Մինասյան, ես Ձեզնից շատ բան եմ սովորել, և եթե իմ վարքագծում դրական բան փոխվել է այստեղ, Դուք ունեք լուրջ ազդեցություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի, նա սկզբունքային անձնավորություն է. «Էն մարդը, որը օրը վեց անգամ կարծիք է փոխում, նրա հետ ճամփա գնալ չարժե: Մարդ կարող է լինել իշխանության մեջ, բայց ունենալ ներքին ազատություն: Մեր ներքին քննարկումների ժամանակ նա կարող է ընդհանուրից առանձին իր մասնավոր կարծիքը պնդել»։

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն էլ ԱԺ փոխնախագահի համար ունի ազգային արժեհամակարգ. «Դուք կարող եք աշխատել ընդդիմության հետ, սա շատ կարևոր է, դուք ջատագովն եք եղել կոլեգիալ որոշումների»։

Արմեն Աշոտյանին էլ Շարմազանովը համարեց իր վաղեմի ընկերը և հիշեց, որ իրար հետ միասին են մտել քաղաքականություն. «Արմեն Աշոտյանը շատ լավ բժիշկ կարող էր դառնալ, բայց դարձավ շատ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ»։
Հրայր Թովմասյանին էլ Էդուարդ Շարմազանովը հաջողություն մաղթեց. «Դուք լայնախոհ անձնավորություն եք, մեր Սահմանադրության Թովմաս Ջեֆերսոնն եք»:

Իսկ Խոսրով Հարությունյանի մասին էլ նշեց, որ պատիվ է ունեցել նրա հետ աշխատելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, և նրա ջանքերով Հայաստանը կարողացավ չեզոքացնել Պակիստանի մուտքը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում