ԱՄՆ սենատորը Էրդողանի թիկնապահների պահվածքը խայտառակություն է որակել

ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Ռոդ Այլենդը ներկայացնող Ջեք Ռիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:

«Միանում եմ բոլոր ամերիկացիներին՝ դատապարտելով նախագահ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ռիդը: Դեմոկրատ սենատորը խայտառակություն է համարել Էրդողանի թիկնապահների պահվածքը՝ շեշտելով, որ բռնության են ենթարկվել նաև իր կողմից ներկայացվող համայնքի ներկայացուցիչներ, ովքեր խաղաղ կերպով իրացնում էին ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությամբ սահմանված իրենց իրա վունքը (խոսքի ազատության իրավունք- խմբ.):

«Անվտանգության այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են եղել հարձակման մեջ, պետք է կարգի հրավիրվեն, իսկ Թրամփի վարչակազմը պետք է պարզ ու հստակ դարձնի բոլոր դեսպանատների համար, որ ԱՄՆ-ում մեր օրենքները պաշտպանում են ցուցարարներին և խաղաղ հավաքների ու ազատ խոսքի նրանց իրավունքը»,– ընդգծել է սենատոր Ջեք Ռիդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում