Թոմ Քաթինան Երեւանում այցելեց վիրավոր զինծառայողներին

«Ավրորա-2017» մրցանակի հավակնորդ, Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռնային շրջանում մշտական աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, հանդիպեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակի հավակնորդը զրուցեց տղաների հետ: Նա ծանոթացավ նաև Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի հնարավորություններին:

Երեւանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:

«Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, – «Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվությ ուն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»:

Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում