Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար անկախ Թուրքիայի դիրքորոշումից

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Սա պատվիրակության ներկայացուցիչների առաջին այցն էր Հայաստան, որը նրանք որոշել էին սկսել այս այցելությամբ դեպի Ծիծեռնակաբերդ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանացի հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:

Գերմանիայի նախարարը նշեց, թե ուրախ է, որ Բունդեսթագը հստակորեն արտահայտվել է Հայոց ցեղասպանության թեմայով եւ նշել «ցեղասպանություն» բառը իր բանաձեւում: Նա շեշտեց, որ դա պետք է տեղի ունենար անկախ նրանից, թե ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում:

«Այս այցը խորապես տպավորեց մեզ, եւ շատ կարեւորում ենք, որ մենք՝ Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցիչներս, այսօր գտնվում ենք այստեղ: Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայի երկրամասերից առաջինը հենց Բրանդենբուրգում է սկսել դասավանդվել, եւ իմ իրավանախորդների օրոք դա արդեն իսկ ներդրվել էր: Այն արդեն առնվազն 10 տարի դասավանդման թեմա է դպրոցներում»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում