Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն աշխատանքային այցով մեկնել են Շվեյցարիա` մասնակցելու մայիսի 22-24-ը Ժնևում կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ասամբլեան քննարկում է առողջապահության բնագավառում համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներ, տալիս հանձնարարականներ և աշխատանքի ուղղություններ։

Այս անգամ օրակարգում ընդգրկվել են վարակիչ, ոչ վարակիչ հիվանություններին, հանրային առողջապահությանը, ֆինանսավորմանը վերաբերող և այլ կարևոր հարցեր: Կքննարկվի նաև 2018-2019թթ. համար առաջարկվող բյուջետային ծրագիրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովում կընտրվեն ԱՀԿ գլխավոր տնօրենը, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հինգ փոխնախագահ, հիմնական հանձնաժողովների նախագահներ, ստեղծվելու է գլխավոր հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում