Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն անցնող շաբաթների ընթացքում հետևել է Վենեսուելայի հայ համայնքի դիմագրաված դժվարություններին: Այս մասին հայտնեցին Անթիլիասի մամուլի ծառայությունից: Վեհափառ Հայրապետը Վենեսուելայի հայ համայնքի պատասխանատուներից մեկից տեղեկություններ է ստացել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վենեսուելան լուրջ դժվարությունների առաջ է կանգնած. երկիրը քաղաքականապես և տնտեսապես սպառված է:

Արամ Ա-ին հայտնել են, որ այդ երկրի կառավարությունը փորձում է շարունակել, այսպես կոչված, «կառուցողական կեցվածքը», սակայն դա անում է երկրի ներսում բռնություններ գործադրելու ճանապարհով, իսկ ընդդիմությունը կազմակերպում է խաղաղ հավաքներ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Նշվում է, որ ամեն օր ժողովուրդը պահանջում է կառավարության հրաժարականը, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, սակայն մինչ այս պահը այդ ամենն ապարդյուն է, քանի որ կառավարությունը, նախագահը և նրա կողմնակիցները երկիրն ամբողջովին դատարկել ու թալանել են ու շարունակում են նույն կեցվածքը:

«Այս ամենի համատեքստում վենեսուելահայ գաղութը ևս դժվարությունների առաջ է կանգնած: Գաղութը նոսրացած վիճակում է: Երկրում ստեղծված տագնապալի ու անապահով իրավիճակի հետևանքով զգալիորեն նվազել է հայ ընտանիքների քանակը այն պարագայում, երբ Վենեսուելայի հայ համայնքն առանց այդ էլ փոքր էր: Մեծ թվով ընտանիքներ, որոնք ստացել են ամերիկյան կամ եվրոպական երկրների վիզաներ, արտագաղթել են և շարունակում են արտագաղթել: Գաղութը իրենց միջոցներով պահող շատ բարերարներ փակել են աշխատավայրերը, վաճառել են ունեցվածքը և արդեն իսկ հեռացել են երկրից: Ս ակայն այս ահ ու սարսափի մեջ շարունակվում են հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագները»,- ասված է Վեհափառ Հայրապետին Վենեսուելայի հայ համայնքի կողմից տրամադրված պատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում