Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացումը նոր է սկսվում. Արմեն Մանվելյան

2014 թվականից նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանը լուրջ տնտեսական փոփոխությունների առաջ է կանգնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նավթային ոլորտը, որը կազմում է նրա ներքին համախառն արդյունքի 51 տոկոսը, քիչ է ազդում երկրի բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ այդ ճյուղը, լինելով բավական ֆինանսատար, միաժամանակ այդ բնագավառում զբաղվածների թիվը քիչ է: Ըստ մասնագետի, երբ նավթի գները բարձրանում են, Ադրբեջանի իշխանությունները փորձում են սոցիալական խնդիրներն ինչ-որ ձևով լուծել, իսկ երբ նավթի գները անկում են ապրում, ապա իրավիճակը կտրուկ փոխվում է:

«Հիմա Ադրբեջանը գտնվում է այդ փոփոխվող իրավիճակում: Արդյունքում` Ադրբեջանի ՀՆԱ-ն դոլարայինով հաշված նվազել է 30-40 տոկոսով: Եթե 2014թ-ին ՀՆԱ-ն կազմում էր 73 մլրդ դոլար, ապա 2016թ-ին՝ 38 մլրդ դոլար: Նույն միտումները բյուջեի առումով են, եթե 2014 թվականին 25 մլրդ էր, 2016-ին դարձավ 9 մլրդ դոլար: Այսինքն՝ երկիրը կագնած է լուրջ խնդիրների առաջ, ինչն ազդում է նրա տնտեսական ամբողջ համակարգի վրա»,- ասաց Արմեն Մանվելյանը:

Սա իր հերթին հանգեցնում է արժույթի թանկացմանը, երկրում ստեղծվել է սոցիալ տնտեսական բարդ իրավիճակ, կրճատվում են աշխատատեղերը, միայն «Բրիթիշ Պետրոլիում»-ը փակել է մի քանի հազար աշխատատեղեր:

«Ադրբեջանը նոր փուլում է գտնվում, սոցիալական, տնտեսական վատացումը նոր է սկսվում: Եվ որպեսզի Ադրբեջանը վերջնականապես չսնանկանա, ապա նավթի գինը պետք է նվազագույնը լինի 80 դոլար, ինչը քիչ հավանական է»,-ասաց նա:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էլ նշեց, որ Ադրբեջանում առկա տնտեսական ճգնաժամը նոր չէ: « Բազմաթիվ վերլուծաբաններ, միջազգային կառույցներ ասում էին, որ Ադրբեջանը 2010 թ-ին արդեն հասել է իր էներգառեսուրսների արդյունահանման պիկին և այլևս նախկին ցուցանիշները չեն կարողանալու ունենալ: Այդ ժամանակից սկսած՝ երկրում սկսվեց տնտեսական անկում, տնտեսությունն էլ այս ժամանակահատվածում չդիվերսիֆիկացվեց՝ հակառակը` մնաց կախված նավթային ռեսուրսներից, ինչի հետևանքով երկրի տարբեր շրջաններում սկսվեցին ցույցեր, մարդիկ այրում էին մեծահարուստների մեքենաները և այլն: Դա առաջին ահազանգն էր իշխանությանը, որ ինչքան էլ հասարակությունը հանդուրժող է ռեժիմի հանդեպ, որքան էլ իշխանությունները փորձում են դրսում փայլուն միջոցառումներով իմիջ ստեղծել, այդուհանդերձ ունեն լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- ավելացրեց Անժելա Էլիբեգովան՝ նշելով, որ իշխանությունները հանրությունից թաքցնում են աղքատության և գործազրկության իրական մակարդակը, բայց այն շատ բարձր է:

Նա նաև նշեց, որ արտագաղթը նույնպես աճում է և մեկ տարվա ընթացքում մոտ 40 հազար ադրբեջանցի մշտական բնակություն է հաստատել միայն Թուրքիայում:Եթե հաշվի առնվեն Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, ապա, ըստ փորձագետի, արտագաղթի ահռելի թվեր են ստացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում