Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ֆեյսբուքյան էջի միջոցով:

Նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշել է. «Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

Արսեն Գրիգորյանն էլ վստահեցել է՝ համագործակցության արդյունքն առաջիկայում նկատելի կլինի:

«Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, շատ շնորհակալ եմ վստահության համար: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա», – ընդգծել է նորանշանակ խորհրդականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում