Պուտինը Մեյին հավաստել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վճռականորեն դատապարտում ենք այդ ցինիկ, անմարդկային հանցագործությունը: Ակնկալում ենք, որ դրա պատվիրատուները չեն խուսափի արժանի պատժից»,-ընդգծել է Պուտինը հեռագրում:

Պետության ղեկավարը «հավաստել է բրիտանացի գործընկերների հետ հակաահաբեկչական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ միջազգային ջանքերի շրջանակներում»: Պուտինը կարեկցանքի եւ զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:

Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում կատարված հարձակման հետեւանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:

Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում