Թուրքիան զոհի դեր է խաղում. պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

ԱՄՆ պատկան մարմինների կողմից քննադատող խիստ հայտարարություններից հետո պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ զոհի դերում՝ կապված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրած բռնության միջադեպի հետ: Այս համատեքստում Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ գրավոր ու բանավոր կերպով թուրքական կողմն իր բողոքն է հայտնել՝ կապված վերոնշյալ միջադեպի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դեսպանին ասել են, թե Վաշինգտոնում նախագահ Էրդողանի գտնվելու ժամանակ անվտանգության հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ԱՄՆ անկարողությունից:

Պաշտոնական Անկարան դատապարտել է նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի թիկնազորի դեմ ԱՄՆ անվտանգության աշխատակիցների գործողությունները ՝ պահանջելով ԱՄՆ պատկան մարմիններից «հետաքննել միջադեպն ու անհրաժեշտ բացատրություն տալ իրենց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում