Քաղաքագետն Ադրբեջանի ագրեսիան բացատրում է բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման փոփոխությամբ

Սահմանին անընդմեջ տիրող լարված իրավիճակները, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, ունեն մեկ պատճառ. դա այն թշնամանքն է, որը տածում են հայերն ու ադրբեջանցիները միմյանց հանդեպ: Նա նշեց, որ պատճառը թեպետ մեկն է, սակայն կան տասնյակ առիթներ, որոնք ստիպում են Ադրբեջանին հրահրել նոր ռազմական գործողություններ եւ մշտապես պահել այդ լարվածության մթնոլորտը:

«Ըստ իս՝ վերջին շրջանի զարգացումներից ամենակարեւորն այն չէր, որ Ադրբեջանը «Սպայկ» զինատեսակով խոցեց հայկական ռազմական տեխնիկա, ոչ էլ այն, որ հայկական կողմը դիմեց պատժիչ գործողությունների, որոնք ըստ էության, որոշակիորեն հանդարտեցրին իրավիճակը: Ամենակարեւորը որոշ քաղաքական գործընթացներն են, որոնց մենք ականատես ենք լինում: Առաջին հերթին կցանկանայի առանձնացնել խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում տեղ գտած որոշ շեշտադրումները, որոնք, կարծես թե, նոր տեմպ են հաղորդում այս թեմայով քննարկումներին»,-«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Քաղաքագետն ասաց, որ կարեւոր է, որ նախագահը փոխզիջումներ ասելով՝ հստակ հասկացնել է տվել, որ խոսքը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անկախության ճանաչման մասին է:

«Այսինքն՝ եթե ապրիլյան դեպքերից առաջ դա ասելով, միգուցե, հասկանում էինք տարածքային ինչ-որ փոխզիջումներ, ապա այժմ դրան նոր գնահատական է տրվում, եւ այդ զիջումների մասին պաշտոնական Երեւանը արդեն երկար ժամանակ է՝ չի խոսում, ինչը զայրացնում է Ադրբեջանին: Եվ Ադրբեջանի արտգործնախարարության տարբեր պաշտոնյաների հայտարարություններից երեւում է, որ հայկական կողմի բանակցային դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել: Դրան Ադրբեջանը, բնականաբար, ագրեսիվ է արձագանքում:

Հաջորդը Մադրիդյան սկզբունքների քննադատությունն է, այսինքն՝ նշվեց, որ դա բավական շատ հարցեր է առաջացնում, եւ լավ է, որ դրանք կյանքի չեն կոչվել: Հատկանշական է այն, որ այս քննադատությունն առաջին անգամ էր, որ հնչեց պաշտոնական Երեւանի կողմից, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այն փաստաթղթերը, որոնք նախկինում լուրջ քննարկվում էին, այժմ արդեն հարցեր են առաջացնում, եւ, հնարավոր է, հետագայում բանակցային գործընթացի վերսկսման դեպքում դրանց վրա հենվել չլինի: Եվ երրորդ՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Կազանյան փաստաթուղթը դեռ արխիվ չի ուղարկվել, բայց հավելեց, որ տարիներ շարունակ բանակցություններում քննարկվող փաստաթուղթը ճիշտ չի ներկայացվել, ինչն առիթ է տալիս մտածելու, որ խոսք է գնում այլ փաստաթղթի մասին»,-եզրափակեց քաղաքագետը՝ որակելով դիտարկված փոփոխությունները ոգեւորիչ եւ սպասելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում