Զինված ուժերում խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել

Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մայիսի 23-ին հրավիրված ասուլիսում: Նրա խոսքով՝ ադրբեջանական մամուլում լայն արձագանք գտած հայկական կողմին տեղեկատվության փոխանցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությունը խոսում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին:

«Լուրեր ստացանք, որ զինծառայողները սպանվում են անհայտ պարագաներում իրավապահների կողմից եւ փակ դագաղներում հանձնվում են հողին նույնիսկ առանց բացատրության, թե ինչու են նրանք սպանվում: Հետեւելով ադրբեջանական մամուլին՝ տեսնում ենք, որ երկու թեզ է շրջանառվում, թե իրականում ինչու պետք է այս զինծառայողներին ձերբակալեին: Ընդ որում, դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Առաջինն այն է, որ միգուցե Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ մրցակցություն է գնում, որ այսպես փորձում են միմյանց կադրերը լիկվիդացնել: Խոսք էր գնում նաեւ հնարավոր զինված ապստամբության մասին, եւ միգուցե, հենց դա էր բացահայտվել եւ կանխվել այսպես: Երկրորդ տարբերակը հունվար-փետրվարին ներթափանցման փորձերը տապալելու մասին է: Կար հրաման նորից ապրիլյան դեպքերի նման մի բան ստեղծել, միգուցե հրամանին չենթարկվելու կամ տապալելու համար հաշվեհարդար են տեսնում: Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, տասնյակ սպաներ են ձերբակալվել, ինչը խոսում է տիրող ներքին իրավիճակի, նրանց պատրաստվածության մասին, որն իր հերթին առիթ է տալիս մտածելու, որ նման Զինված ուժերով, նման խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի»,-նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս արված հայտարարությունը, որում նշվում էր, թե Ադրբեջանն է մայիսի 15-ին նախահարձակ եղել, առաջին հասցեական հայտարարությունը չէ, եւ պետք չէ դրան վերաբերվել որպես սենսացիոն ձեռքբերման:

«Մինսկի խմբի համանախագահները կարծես թե շեշտադրեցին, որ Ադրբեջանն է եղել, սակայն կոչերը կրկին ուղղված էին երկու կողմերին էլ՝ լինել ավելի կշռադատված, թույլ չտալ լարվածության աճ: Սա առաջին անգամը չէ, ինչպես բազմիցս նշվեց մամուլում: Հիշենք 2015 թվականի Կրակովի հանդիպումը, որից հետո Ադրբեջանին կոչ արվեց հետեւողական լինել ստանձնած պարտավորություններին: Կարծում եմ՝ շահեկան կլինի կողք կողքի դնել այս բոլոր հայտարարությունները եւ դրանք ընդունել որպես օրինաչափություն: Նման շեշտադրումներ էլի հնչել են, եւ սա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայում է դիրքորոշումը: Պետք է պարզապես խրախուսել, որպեսզի դա հետեւողական զարգացում ունենա»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեպետ նման կոչերով որեւէ խնդիր չի լուծվում, բայց պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն օգտագործեն ողջ ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ՝ այդ երկրին զերծ պահելու իր ռազմատենչ քաղաքականությունից եւ իրականում խաղաղ ճանապարհով լուծման ճանապարհներ գտնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում