Խոսրով Հարությունյանը աղքատությունը հաղթահարելու արդյունավետ ուղի է համարում մասնավոր նախաձեռնությունների ընդլայնումը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարևորում է Հայաստանում մասնավոր նախաձեռնությունների ընդլայնումը: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ աղքատությունը հաղթահարելու միակ արդյունավետ ուղին առավելագույն աջակցությունն է մասնավոր նախաձեռն ություններրին, ինչը կնպաստի քաղաքացիների եկամտի աճին: «Մասնավոր նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև պաշտպանական արդյունաբերությունը: Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան»,- ընդգծեց Հարությունյանը:

Պատգամավորը կարևորում է մասնավոր ներդրողների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ: Նրա կարծիքով` դրա համար անհրաժեշտ պայմանները կան` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Եվրոպական Միության հետ GSP+ առևտրի արտոնությունների մասին համաձայնագիրը: «Այս ամենը պետք է գրավիչ լինի մասնավոր ներդրողների համար: Մեզ մնում է միայն նրանց գրավել: Այդ աշխատանքները պետք է տարվեն` օգտագործելով նաև դիվանագիտական կապերը»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում