ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը երկարաժամկետ խնդիրներ առաջ քաշող դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ խոսք էր, որում առաջ էին քաշվում երկարաժամկետ խնդիրներ: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Տեր-Պետրոսյանի` նախընտրական մրցապայքարում հնչեցրած որոշ թե զեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս: Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել, սա էր ենթադրում նախագահի ելույթը»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ հայկական կողմի համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը: «Չնայած նախագահը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ դրանց հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- հավելեց պատգամավորը:

Հարությունյանը նշեց, որ ՀՀ նախագահի այս ելույթը հնարավորություն է տալիս, որպեսզի թե’ միջազգային հանրությունը, թե’ ներքին լսարանը հասկանան հայկական կողմի դիրքորոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում