Արևելագետը Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության մեջ փոփոխությունների հեռանկար չի տեսնում

Իրանը տասնամյակներ շարունակ անց է կացնում այնպիսի քաղաքականություն, որը նպաստում է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Իրանը շատ հավասարակշռված քաղաքականություն է իրականացնում, և այդ ուղղվածությունը կշարունակվի ապագայում՝ անկախ նրանից, թե ով է ընտրվել նախագահ»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի վերընտրվելը վկայում է այն մասին, որ Իրանի վերնախավը կողմ է ԱՄՆ-ի հետ որոշակի համագործակցության եզրեր ստեղծելուն:

«Սա նշանակում է, որ ավելի մեծ հնարավորություններ կարող են ստեղծվել Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման եզրեր ստեղծելու առումով: Սակայն, մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Իրանի հարցում դրական հույսեր չի ներշնչում: Մասնավորապես, այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիա այցի շրջանակներում Դոնալդ Թրամփի ելույթը սունիական երկրների առաջնորդների առջև վկայում է այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է սեպ խրել սունիական և շիական հատվածների միջև և դա օգտագործել շիական Իրանի դեմ: Մտավախություն կա, որ այս քաղաքական ությունը կարող է շարունակվել, և Իրանի ներկա ղեկավարության ջանքերը ԱՄՆ-ի հետ համագործակցության եզրեր գտնելու առումով ապարդյուն են»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

Մայիսի 19-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել էր գործող նախագահ Հասան Ռոուհանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում