Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարում ՄԽ համանախագահների կողմից հասցեական հայտարարությունները

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որով համանախագահները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մեջ հասցեական մեղադրանք են հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Խոսրով Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանի նկատմամբ հասցեական մեղադրանքը կապված է Սիրիայում տիրող իրավիճակով:

«Հաշվի առնելով, թե որքան անկանխատեսելի է իրադրությունը Սիրիայում, տարածաշրջանում ռազմական գործողությունների նույնիսկ մշուշոտ հեռանկարը շատ վտանգավոր է համարվում։ Այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի կողմ թողեցին անհասցե հայտարարությունները և նշեցին այն կողմի անունը, որը խախտում է հրադադարի ռեժիմը»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը կասկածներ ունի, թե այս պահին հնարավոր է ինչ-որ բան քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ` հաշվի առնելով նրանց վարքագիծը, սակայն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նման հասցեական հայտարարություններն անհրաժեշտ են: Նրա գնահատմամբ` միջազգային հանրությունը պետք է շփման գծում իրադրության լարվածությանն արձագանքման ավելի կոշտ մեխանիզմներ ձևավորի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում