Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների

Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վերքեր ստացած 12 երեխաներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մանչեսթրի շտապ օգնության ծառայության տնօրեն Դեւիդ Ռեթքլիֆը: Նրա հայտարարությունները հեռարձակվել են Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Մանչեսթրի թագավորական մանկական հիվանդանոցն ընդունել է ամենամեծ թվով վիրավորների՝ 12 հոգու»,-ասել է նա, հավելելով, որ նրանք լուրջ վերքեր են ստացել: Քաղաքի մյուս հիվանդանոցներ ավելի քիչ թվով տուժածների են բերել ՝ բժշկական կենտրոններից յուրաքանչյուրում հինգից մինչեւ ինը վիրավորների, ընդ որում՝ նրանց թվում նույնպես եղել են երեխաներ (մինչեւ 16 տարեկան):

Բժիշկը մանրամասներ չի ներկայացրել վնասվածքների բնույթի կամ տուժածների վիճակի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ սկզբում այդ մասին պետք է տեղեկացվեն նրանց մերձավորները:

Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է մայիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:

Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում