ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայի շրջանակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և փոխնախարար Սամվել Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանի պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) ղեկավարության հետ։ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին նոր պատվաստանյութերի ձեռքբերման և դրանց ներդրման, պատվաստումային ծառայություններին շարունակական օժանդակության համար։

ԳԱՎԻ-ի ղեկավարների կողմից բարձր է գնահատվել Հայաստանում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացումը, նոր պատվաստումների ներդրման գործընթացը, ինչի արդյունքում լուրջ ձեռքբերումներ են գրանցվել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և մանկական մահացության կրճատման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության զարգացման հնարավորությունները։

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում