Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ

Կատալոնիայի իշխանությունները պայմանավորվել են պաշտոնապես դիմել Իսպանիայի՝ Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարությանը՝ խնդրելով բանակցություններ սկսել ինքնավարության անկախության հանրաքվեի դրույթների ու պայմանների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Նեուս Մունտեն: 

Նա ասել է, թե խոսքը հանրահարցման մասին է, «որի ընթացքում կատալոնցիները քվեարկությամբ կկարողանան վճռել ինքնավար մարզի քաղաքական ապագան»: Առաջիկա օրերին այդ խնդրագիրն ուղարկվելու է Ռախոյին:

Տեղական իշխանությունները հույս ունեն, որ Մադրիդը «որոշակի պատասխան» կտա իրենց խնդրագրին»,- ճշտել է Մունտեն:

Կատալոնիան ինքնավար հանրակցություն է Պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն է տվել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից անմիջապես հետո թագավորության Սահմանադրական դատարանը չեղարկել է այդ փաստաթղթի գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում