«Իրավունք». Վարդանիկը լրատվամիջոցներին մեղադրում է իր որդու մասնակցությամբ միջադեպը հանրայնացնելու մեջ

Շուրջ երեք շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Նաև, որ ծեծի ենթարկվածը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ։

Բայց ահա օրեր շարունակ տուժածն «անհետացել» է։ Խոսակցություններ շրջանառվեցին, որ նրան թաքցրել են, մինչև ծեծի հետքերն անցնի։ Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ տուժողը հայտնվել է ու հասցրել բացատրություն գրել, որ Ս. Ղուկասյանը առնչություն չունի միջադեպի հետ։ Ի դեպ, ինչպես որ պնդում էր նաև նորընտիր պատգամավոր Վ. Ղուկասյանը։

Թերթը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդան Ղուկասյանից, ով ինչպես միշտ, էլի նշել է, թե լրատվամիջոցներն են մեղավոր։

«Բայց ախր միջադեպ եղե՞լ է, դատաբժշկական փորձաքննություն կա՞, ցուցմունք տվող կա՞… Ինչ անում եք լրատվական կառույցներով եք անում։ Չկա նման բան։ Սաղ ձեր լրագրողների ձեռքի գործն է։, Դուք գիտե՞ք ինչն եք, թե ՝ չէ»,-ասել է նա։ Դիտարկմանը, թե փաստ է, որ քրեական գործ է հարուցվել, Ղուկասյանն ասել է. «Բան չունեմ ասելու, լավ եղեք…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում