«Հրապարակ». Նաղդալյանը կղեկավարի՞ ԵԽԽՎ պատվիրակությունը

«Հրապարակ»-ը գրել է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ՀՀԿ-ական կազմը գրեթե պատրաստ է․ ի տարբերություն նախորդի, այս անգամ ՀՀԿ-ն թերևս 4 ներկայացուցիչ ունենա։ Հաշվարկն արվելու է Դոնթի բանաձևով, իշխող կուսակցությունն այս անգամ տոկոսային հարաբերությամբ ավելի շատ պատգամավոր ունի՝ 105-ից 58-ը, քան նախորդ գումարման ԱԺ-ում՝ 131-ից 69-ն էր։ Ըստ այդմ, ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները, իսկ «Ելքի» ներկայացուցչին, հավանաբար, կընդգրկեն փոխարինող կազմում։

Մեր տեղեկություններով, «Ելքն» այս հարցն էլ է պատրաստվում վիճարկել։ 4 ՀՀԿ-ականներն են Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԱԺ փոխխոսնակների աղմկոտ քվեարկությունը ՀՀԿ-ում մտորելու տեղիք է տվել՝ նշանակե՞լ էմոցիաները զսպել չկարողացող Արփինեին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, թե՞ պահպանել ստատուս քվոն և վերանշանակել Հերմինե Նաղդալյանին։ ՀՀԿ-ում խոսում են, որ այս պահին առավել հավանականը երկրորդ տարբերակն է՝ Նաղդալյանը կմնա իր պոստում։ Քվեարկությունից դժգոհությունն Արփինե Հովհաննիսյանն արտահայտեց նաև ամբիոնից․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր, քան Շարմազանովինը, նրան քվեարկել էր կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Շարմազանովի օգտին՝ 84-ը, դեմ՝ 13, և 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում