Խաղողի անհետացող սորտերի «փրկարարները» փորձում են վերականգնել Հայաստանի խաղողագործական անցյալը

Ամենուր փնտրելով «բնիկների» հետքերը

«Մովուզ», «մովսես», «մորմոր». Հայաստանում երբևէ հայտնի խաղողի այս սորտերի հետքերով ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ Նելլի Հովհաննիսյանը հասել է Վայոց ձոր` Հայաստանի հնագույն խաղողագործական գոտիներից մեկը: «Վայոց ձորում կան հին այգիներ, որոնք չեն մշակվում: Այդտեղ կան 160-180 տարեկան, արդեն վայրի դարձած խաղողի թփեր: Դրանցից են, օրինակ, «բոյախանի»-ն, «մորմոր»-ը, որոնցից ընդամենը մեկ-երկու թուփ է մնացել: Վայրի խաղողն ընտելացված կամ մշակովի խաղողի նախնին է: Այն տարածված է ինչպես Վայոց ձորում, այնպես էլ Տավուշում, Լոռիում, որտեղ հանդիպում են նաև անցումային ձևեր` վայրի տեսակից ընտանի և հակառակը»,- փաստում է խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրությամբ զբաղվող Նելլի Հովհաննիսյանը:

Կենսաբաններին միացան հնագետներն ու ազգագրագետները: Եվ գիտական խմբի` առաջին հայացքից անհամատեղելի մասնագետներն անցան գործի` Հայաստանում աճեցվող և արդեն` որոշների դեպքում մոռացված, որոշների դեպքում` անհետացող սորտերը հայտնաբերելու, դրանց պատմությունը վերականգնելու և պահպանելու համար: Հետազոտությունների առաջին վայրը, բնականաբար, Արենի-1 քարայրն էր, որի գինու հնձանն ու հարակից խաղողագործական գոտիները աշխարհում ամենահինն են համարվում: «Արենի-1 քարայրից հայտնաբերել ենք մոտ մ.թ.ա. 3800 տարվա վաղեմության նմուշներ և հիմա փորձում ենք գտնել դրանց և մեր օրերում Հայաստանում աճեցվող խաղողի սորտերի միջև եղած կապը: Բայց, նախ և առաջ, պետք է հասկանանք, թե որն է, ասենք, իսկական «արենի»-ն կամ «ոսկեհատ»-ը: Խաղողի բազմաթիվ սորտեր կան, որոնք տարբեր վայրերում տարբեր անուններով են հայտնի. Օրինակ` «արենի»-ն ունի 39 անուն (սինոնիմ). դրանք, հնարավոր է, նույն սորտի մուտացված, փոքր-ինչ ձևափոխված տարբերակներն են, այսպես ասած, «կլոնները» կամ էլ գիտական սելեկցիայի արդյունքում ստացված ձևեր»,-ասում է երիտասարդ կենսաբանը:

ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի խոսքով` խաղողի սորտերի իդենտիֆիկացիայի հետ կապված Հայաստանում լուրջ խնդիր կա: Ուսումնասիրությունների ընթացքում այգիներից հավաքված «արենի»-ի 20-ից ավել նմուշներից հետազոտողները տարբեր գենետիկական տվյալներ են ստացել, ինչը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, նշանակում է, որ բոլոր արենիները չէ, որ արենի են. «Մեր նպատակը աբորիգեն տեղական սորտեր հայտնաբերելն է, այսինքն` այն սորտերը, որոնք բնական սելեկցիայի արդյունք են և որոնց էվոլյուցիան անցել է տվյալ բնակլիմայական պայմաններում` բավականին երկար ժամանակի ընթացքում, և նրանք ձեռք են բերել միայն իրենց հատուկ համային հատկություններ»: Փորձելով տեղեկություններ հայթայթել նախկինում Հայաստանում աճեցվող սորտերի մասին` մասնագետները փորփրել են գիտական աղբյուրներն ու ուսումնասիրել համապատասխան արձանագրություններ պարունակող տապանաքարերը: Խաղող աճեցնելու, խաղողի այգիներ հիմնելու, խաղողագործական տեխնիկայի մասին գրառումները, Նելլի խոսքով, շատ-շատ են, բայց անունները, որոնք հանդիպում ենք այդ աղբուրներում, նույնակացնելը այնքան էլ հեշտ չէ:

Գիտական խմբի անդամներին որոշ դեպքերում խճճում, որոշ դեպքերում էլ օգնում է այս կամ այն աղբյուրը: Օրինակ` Արենի-1 քարայրում պեղումների ընթացքում հայտնաբերված խաղողի նմուշները օգնել են հասկանալ, թե որտեղ է աճում իսկական «արենի»-ն: Եվ հասցեն կրկին տարել է Վայոց ձոր: Պարզվում է` հայկական ամենահայտնի խաղողներից «արենի»-ն նվազագույնը 1100 տարեկան է:

 Ապակոդավորելով «հետախուզության» արդյունքները

Նելլին կեսկատակ-կեսլուրջ իրենց խմբի աշխատանքը համարում է հետախուզական: Բայց ժամանակակից և հնագույն կենսաբազմազանությունը պահպանել հնարավոր է դառնում այդպես` ժառանգական կապի օղակներն իրար միացնելով:

Նույնականացման առումով «արենի»-ի հարցը, կարծես, լուծված է, իսկ այ «ոսկեհատ»-ի կամ «բոյախանի»-ի դեպքում, լաբիրինթոսի վերջը չի երևում: «Գենետիկական խիմերա համարվող մորմորը պտղի բույնը պայմանավորող գեներում ունի համակցված գենետիկական տեղեկատվություն: Այն ո´չ կարմիր է, ո´չ սպիտակ, ո´չ սև. շատերն այս սորտն անվանում են ամպագույն խաղող: Նրանից տարբեր հյուսվածքներ ենք ստացել, և փորձում ենք վերականգնել սև ու սպիտակ խաղողները, որոնց նախադրյալներն ունի մորմորը»,-ասում է Նելլին: «Բոյախանի»-ի դեպքում էլ նույնականացնելը բարդ է: Ըստ կենսաբանի` այդ սորտն իր անվանումը ստացել է, ամենայն հավանականությամբ, կարմիր գույնի հյութի համար (սովորաբար, խաղողի հյութը լինում է սպիտակ)` պարսկերեն «բոյախանա»` ներկատուն բառից: Սրանք այն հազվագյուտ հանդիպող սորտերից է, որոնցից մեկ-երկու թուփ է հայտնաբերել խումբը: Վախը, որ մեկ կամ երկու թփի տեսքով պահպանված սորտերը ցանկացած պահի կարող են անհետ կորչել, ժամանակակից և հնագույն կենսաբազմազանության ուսումնասիրությամբ զբաղվող խմբին դրդեց, որպեսզի անհետացող սորտերը հատուկ այգիներում աճեցնեն:

Գիտական խումբը, բացի դրանից, կարևոր նյութեր է տրամադրում նաև համաշխարհային գիտությանը: Բացի ուսումնասիրությունների արդյունքները հոդվածների ձևով տպագրելուց, շուտով Ջի Այ Զեթ-ի ֆինանսավորմամբ կհրատարակվի Հայաստանի խաղողների ու գինիների մասին հաստափոր գիրքը` հայերեն և անգլերեն տարբերակներով և վեց հոգու համահեղինակությամբ : Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի խաղողագործության և գինեգործության մասին հետազոտական աշխատանքը, երիտասարդ գիտնականի խոսքով, բավական ռեսուրսատար էր. «Հայտնաբերված սորտերը քարտեզագրել ենք, գենետիկական նկարագիրը ներկայացրել, ուսումնասիրել գինեմետ հատկությունները: Ահռելի ծավալի աշխատանք է արվել, բայց դեռ շատ բան ունենք անելու: Մեծ գենետիկական բազմազանություն ունեցող Արարատյան դաշտավայրի, Վայոց ձորի, Լոռվա, Սյունիքի պոտենցիալը դեռ լիովին ուսումնասիրված չէ: Մեր հետագա հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն թե´ հոդվածների, թե´ գրքերի ձևով, որպեսզի միջազգային հանրությունը տեղյակ լինի Հայաստանի խաղողագործական անցյալի մասին: Մեզ համար առաջնահերթություն է մշակութային ժառանգության հետ կապ ունեցող մթերքների ուսումնասիրությունը: Դա կարևոր է համաշխարհային գիտության համար ու ոչ պակաս կարևոր` միջազգային շուկա դուրս գալ ցանկացող գինեգործների համար: Եթե ուզում ես ապրանքդ արտահանել, պետք է շատ լավ տիրապետես դրան, հստակ նկարագրես այն, իմանաս` որը ինչ սորտ է: Հայ արտահանողները միշտ չէ, որ հետևում են այս կարևոր կետերին, դրա համար էլ այլազգի հոդվածագիրները քանիցս նշել են իրենց հոդվածներում, որ ուշադրություն պետք է դարձնել հայկական սորտերի նույնակացմանը»,-նշում է ԵՊՀ կիրառական կենսաբանության զարգացման կենտրոնի ղեկավարը:

Հոդվածը, որը շուտով կհրապարակվի, վերաբերում է հենց սորտերի տարբերակման խնդիրներին, որին կհաջորդի հավաքված գենետիկական տվյալներն ամբողջ աշխարհում առկա տվյալների հետ համադրելը` հասկանալու համար խաղողի այս կամ այն սորտի տեղն ու դերը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում