Մյանմարի արտգործնախարարն ընդունել է հայ եկեղեցու թեմի առաջնորդին

Մյանմարի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին ընդունել է Մայանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Global New Light of Myanmar-ը:

Աուն Սան Սու Չժին ողջունել է վարդապետ Յազիչյանին՝ հայտնելով, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի պատմությանը, Մյանմարի հայ համայնքի գործունեությանը: Նա կարևորել է հայ համայնքի դերը տարբեր բնագավառներում: «Երկու ժողովուրդների բարեկամական ամուր կապերը խորը անցյալ ունեն: Այս հանդիպմամբ նոր էջ է բացվում բարեկամական երկրների միջև կապերի հետագա ամրապնդման հարցում»,– ասել է Մյանմարի արտգործնախարարը:

Յազիչյանը երախտագիտություն է հայտնել Մյանմարի ժողովրդին ու իշխանություններին՝ հայերին դարեր առաջ այդ երկրում ընդունելու և լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար: «Այսօր մենք բոլորս ականատես եղանք Ձերդ Գերազանցության անկոտրում կամքի դրսևորման՝ ի հեճուկս այն դժվարությունների ու անկայունությունների, որոնք ծառացել էին երկրի առջև, Ձեր երկաթյա վճռականությամբ կարողացաք առաջնորդել Ձեր ազգին ու հասնել արդար հաղթանակի»,– նշել է հոգևոր հայրը:

Կողմերը մտքեր են փոխանակել երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ: Վարդապետ Յազիչյանը հայտնել է, որ տեղի հայ համայնքը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարբեր խնդիրների կարգավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում